ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Մեղրի։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Հայ-իրանական պետական սահմանին դեսպանը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վիկտորինն ընդգծել է փոխկապակցվածությանն ուղղված առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։
Կողմերը համաձայնել են հնարավորին արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։
Նշենք, որ Վիկտորինը Սյունիք է մեկնել հունիսի 1–ին։ Այցի առաջին օրը նա եղել է Գորիսում։