ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է այսօր` հունիսի 1-ին, ժամը 08։24-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Այլ մանրամասներ ԱԻՆ–ը չի հաղորդում։ Փոխարենը նույն դեպքի մասին մանրամասներ է հայտնում shamsyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` ժամը 08։20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում բախվել է թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսին, այնուհետև առաջ ընթացել, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, իսկ հետո բախվել Opel մակնիշի և ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաներին։
Վրաերթ-ավտովթար` Երևանում. կան վիրավորներ
Opel-ն իր հերթին առաջ է ընթացել և բախվել կայանված մեկ այլ՝ Opel Astra մակնիշի ավտոմեքենայի։
Վթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։