ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին զուգահեռ բանակում նաև ողբերգական դեպքեր տեղի ունեցան։ Նախ ՊՆ-ն հայտնեց, որ մայիսի 18-ին ժամկետային զինծառայող, շարքային Նորայր Մկրտչյանն ինքնակամ լքել է Վարդենիսում ծառայության վայրը։ Դրան հաջորդեց մայիսի 24–ին և 25-ին երկու ժամկետային զինծառայողների` Մկրտիչ Հովհաննիսյանի և Արտյոմ Մելքոնյանի ինքնասպանության դեպքերը։ Ինչի՞ հետևանք կարող են լինել այս դեպքերը, և ի՞նչ անելիքներ կան բանակում` Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ։
Պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները չե՞ն լուծվել
Ջամալյանը նշում է, որ պատերազմի հետևանքով մենք կորուստներ ենք ունեցել նաև միջին հրամանատարական կազմում, ինչը նշանակում է, որ հավանաբար բազմաթիվ հաստիքներ թափուր են մնացել մինչ օրս։ Մասնագետի խոսքով` այս դեպքում եղած հրամանատարների վրա ծանրաբեռնվածությունը, բնականաբար, ավելի մեծ է։
«Բացի այդ, պատերազմից հետո զինված ուժերի մարտունակությունն ընկել էր, և հիմա այն վերականգնելու խնդիր ունեն։ Բանակը վիրավոր է։ Եթե բանակում խաթարված է մարտունակությունը, ապա սա էլ ուղղակիորեն բերում է կարգապահական բնույթի խախտումների»,–ասում է Ջամալյանը։
Նրա խոսքով` մարտունակության անկումը նաև բարոյահոգեբանական խնդիրներ է առաջացնում. հենց այս ամենին պետք է ուշադրություն դարձվի։
Ո՞րն է բանակում ողբերգական դեպքերի պատճառը
Բանակում արտակարգ պատահարների ուղղակի պատճառը, ըստ Ջամալյանի, կարգապահության, վերահսկողության անկումն է։ Նրա խոսքով` բարոյահոգեբանական մի շարք պատճառներ կան, թե ինչու զինվորը կարող է դիմել նման հուսահատ քայլի` ինքնասպանության կամ դիրքը թողնելու։ Սակայն, ըստ Ջամալյանի, եթե ստորաբաժանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն է իրականացվում, ամեն հարց լուծվում է։
«Այսինքն` եթե հրամանատարն իր տեղում է, ապա խնդիր ունեցող զինվորը միանգամից նրա տեսադաշտում է հայտնում, աշխատանք է կատարվում զինվորի հետ, և կանխվում են շատ կարգապահական խախտումներ ու ողբերգական դեպքեր»,–ասում է Ջամալյանը։
Չէինք հավատում, որ կփրկվի. Վահեն 1 տարում 15-ից ավել վիրահատություն է տարել և ոտքի կանգնել
Փորձագետը հավելում է` եթե ընդհանուր բարոյահոգեբանական անկման մթնոլորտ է զինված ուժերում, սա ճնշող ֆոն է ստեղծում։ Բայց մյուս կողմից ինքնասպանության, ծառայության վայրը լքելու յուրաքանչյուր դեպք իր ուրույն ծագումն ունի. իհարկե, ընդհանուր անառողջ մթնոլորտը նպաստում է, որ նման խնդիրներն ավելի մեծ չափով ի հայտ գան։ Հարցն այն է, որ ամեն կարգապահական խախտում, առավել ևս ինքնասպանության դեպք, ըստ ռազմական փորձագետի, ունի անձնական պատճառահետևանքային կապեր։ Սա նշանակում է, որ նման ողբերգությունը միշտ հստակ անձնական պատճառներ է ունենում։
Հայ–ադրբեջանական սահմանին վերջին զարգացումների ազդեցությունը
Ջամալյանը նշում է` բարոյահոգեբանական անկման մեջ ենք նաև վերջին դեպքերի հետևանքով։ Նրա խոսքով` մեր զինվորներին գերեվարում են մեր տարածքում զուտ այն պատճառով, որ քաղաքական ղեկավարությունը որոշել է սահմանային խնդիրները լուծել իբր թե խաղաղ ճանապարհով, և կրակելու հրաման չկա։ Այս պարագայում, ըստ Ջամալյանի, դիրքապահ զինվորը տեսնում է, որ թուրքը կարող է գալ և ՀՀ տարածքից տանել մեր զինվորին։ Առավել ևս, երբ աչքի առաջ օրերս 6 զինվորների գերեվարվելու փաստը կա։
«Ես պատկերացնում եմ դիրքում կանգնած զինվորի հոգեվիճակը, որը գիտի, որ եթե թուրքը գա, չպետք է կրակի։ Սակայն եթե թշնամին մինչև մեր զինվորի կանգնած վայրը հասնի, հայ զինվորը չգիտի ելքն ինչպիսին կլինի` կգերեվարե՞ն, կսպառնան ու կքշե՞ն դիրքից։ Այսպիսի ողբերգական վիճակում ենք մենք։ Այս պարագայում հայրենիքի պաշտպանն ինքն է իրեն անպաշտպան զգում»,–ասում է Ջամալյանը` հավելելով, որ սա էլ իր հերթին սարսափելի մեծ հարված է բանակի բարոյահոգեբանական մթնոլորտին։
Նա նշում է նաև, որ մեր արդեն իսկ գերեվարված 6 զինվորների դեպքը ճնշող ֆոն է ստեղծում և հուսահատության, հուսալքության է հանգեցնում, որն էլ իր հերթին հետևանքներ է բերում։ Ջամալյանի խոսքով` սա կարող է բերել դասալքության, քանի որ զինվորը կարող է մտածել` եթե ես չպետք է կրակեմ և ինձ գերի վերցնեմ, ինչի՞ համար եմ այստեղ։
Ռազմական փորձագետի խոսքով` Սյունիքում և Գեղարքունիքում անվտանգային ճգնաժամ ունենք, դա էլ իր հերթին է հարվածում բանակի բարոյահոգեբանական մթնոլորտին, մարտական ոգուն։ Առաջին հերթին, ըստ նրա, պետք է քայլեր արվեն մարտունակության բարձրացման և բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ինքնասպանության դեպքերի առնչությամբ քննություն է ընթանում, իսկ մայիսի 18-ից կորած զինծառայողից այդպես էլ որևէ լուր չկա։
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել