ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն այսօր լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար հանդիպել է անհետ կորած զինվորների ծնողների հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարությունը` ֆեյսբուքյան էջում ներկայացված պարզաբանմամբ։
Հայտնել էինք, որ այսօր անհետ կորած զինվորների ծնողները փակել էին Հերացու փողոցը։ Նրանք ասում էին, որ ամիսներ շարունակ իրենց երեխաների մարմինները պահել են մրգի սառնարաններում և հիմա կամաց–կամաց տալիս են իրենց։ Հարազատները պնդում էին, որ հանձնաժողով ստեղծվի և իրենք իրենց աչքով գնան դիահերձարաններ և տեսնեն` որքան դի կա։
Առողջապահության նախարարությունը նշում է, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն» աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ:
«Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրվել փորձաքննության առկա ստույգ տվյալների մի մասը: Նրանք, չսպասելով տվյալներն ամբողջական տրամադրելուն, դիմել են փողոց փակելու տարբերակին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև, որ ցանկության դեպքում հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան:
Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատներն այսօր ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ համաձայնության եկան, որ կայցելեն դիահերձարաններ։
Ինչո՞ւ են «Սպայկայի» սառնարաններում դիակներ պահվում․ պարզաբանում է ընկերությունը