ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի հասկանում քաղաքականությունից։ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը ՀՀ առաջին նախագահի անունից հայտարարություն է տարածել։
Երեկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում Տեր-Պետրոսյանը, խոսելով հակամարտության լուծման իր առաջարկի մասին, ասել էր, որ խնդրի լուծման առաջին փուլում պետք է վերադարձնեինք Լաչինն ու Քելբաջարը՝ պահպանելով Լաչինի միջանցքը։ Ըստ Տեր-Պետրոսյանի` այդ դեպքում Լաչինի միջանցքը ոչ թե լինելու էր այնպես, ինչպես հիմա՝ 4 կմ-անոց հատված, այլ առնվազն 22 կմ։ Փաշինյանն այսօր արձագանքել էր այդ հայտարարությանը` նշելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ հետևյալն է` այն ամբողջությամբ տանք Ադրբեջանին և դրանով փակենք այս թեման։
«Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում է մեղադրում Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախին դուրս էր մղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրավահավասար կողմ լինելու կարգավիճակից, ապա Փաշինյանն այդ կարգավիճակից զրկել է նաև Հայաստանին: Հայաստանն այլևս այդ հարցում վճռական ձայնի իրավունք չունի»,– պատասխանել է Տեր–Պետրոսյանը Փաշինյանին:
ՀՀ առաջին նախագահի խոսքով` դա չի նշանակում, որ մենք պետք է մեր ձեռքերը լվանանք Ղարաբաղի ճակատագրից:
«Հայաստանի միակ հնարավոր քայլը Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքների բավարարումն է, ինչից բխում է, որ մենք պարտավոր ենք շարունակել արդեն տասնամյակներ Ղարաբաղին հատկացվող տնտեսական, ֆինանսական աջակցությունը և կանխել Ղարաբաղից արտագաղթի սպառնալիքը՝ շուտափույթ կերպով լուծելով պատերազմի հետևանքով դեռևս Հայաստանում ապաստանած տասնյակ հազարավոր ղարաբաղցիների իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու հարցը»,– եզրափակել է Տեր–Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահն ասել էր նաև, որ ԼՂ հիմնահարցի իր առաջարկած ծրագրում խոսք չկար այն մասին, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում։