Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ` իհարկե սպասելի էր, որ 2021 թվականին ունենալու էինք տնտեսական աճ, և այն, ինչ տեղի է ունենում, ամբողջությամբ տեղավորվում է տնտեսագիտական, զուտ մասնագիտական վերլուծությունների տրամաբանության մեջ։
Գնաճի հարցում բնակչության սպասումները լավատեսական չեն. ի՞նչ է անում Կենտրոնական բանկը
Խաչատրյանի համոզմամբ` տարեվերջին մենք իսկապես կունենանք 3-4 տոկոս տնտեսական աճ, ինչը կանխատեսել էր նաև ՀՀ Կենտրոնական բանկը։
«Իրականում, երբ նայում ենք հարկերի հավաքագրման գործընթացին, որտեղ վերջին չորս ամիսների կտրվածքով գրանցվել է 11,7 տոկոս աճ և եթե դրան զուգահեռ նայենք գնաճին, որն էական ազդեցություն ունի մեր տնտեսության վրա, ապա այդ պայմաններում հարկահավաքության բարձր ցուցանիշը վկայում է մի երևույթի մասին, որը դեռ պետք է մանրազնին քննվի մասնագիտական շրջանակների կողմից»,– նշեց տնտեսագետը։
Խաչատրյանի համոզմամբ` մեր պարագայում նախընտրելի է տեղական արտադրությունը խթանել, քան հույսը դնել շարունակական ներկրումների վրա։ Նրա կարծիքով` այն, ինչ տեղի ունեցավ 2000–ական թվականներին, ինչի արդյունքում մեր արտարժույթը արժևորվեց ու դարձավ 300 դրամ, դա ուղղակի սպանեց մեր ամբողջ արտահանման ճյուղը։ Հիմա, երբ արժեզրկվում է դրամը, դա նույնիսկ կարող է նպաստել մեր գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը դեպի տարբեր շուկաներ։
Տնտեսագետի գնահատմամբ` վերջին շրջանում արտահանումն աճում է արագ տեմպերով, քան ներմուծումը, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որ տեղական արտադրանքը ներքին շուկայից դուրս մղի նմանօրինակ ներկրվող ապարանքները։ Մեր խնդիրն է շատ ավելի ագրեսիվ ու հետևողական լինել արտահանմանը միտված տնտեսական գաղափարախոսություն իրականացնելու մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 25–ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասել էր, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին կազմել է +23.2%, իսկ առաջին չորս ամիսների ընթացքում` +2.6%։