ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ-ը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։ Տեղեկությունը Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ուսումնական համալիրի տարածքում անցկացված վարժանքների ընթացքում հայտնեց գերատեսչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը:
«Լեռնային Ղարաբաղին առաջին մարդասիրական օգնություն ցուցաբերողը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն էր։ Կենտրոնը հենց դրա համար է նախատեսված, և այն կատարեց իր գործառույթը», - ասաց Գրեչուշկինը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Այս օգնությունը շարունակվում է, Ռուսաստանի ԱԻՆ ստորաբաժանումները մարդասիրական ականազերծում են իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Հետագայում այդ աշխատանքը կշարունակվի, այն կանցկացվի` կախված տարածաշրջանի կարիքներից։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են