ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Բաքվի համար ճիշտ կլիներ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
«Առանցքային հարցը, որն ի սկզբանե եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մնում է չլուծված։ Ի սկզբանե Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը ելնում էին նրանից, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների արդյունքում. շրջանների մի մասը կփոխանցվեն անկախության ճանաչման դիմաց»,-ասաց Զատուլինը։
Մինչդեռ հիմա այդ շրջանները տրվել են մարտական գործողությունների դադարեցման դիմաց։ Այսպիսով, կարգավիճակի հարցը մնում է գլխավոր չլուծված հարցը, բայց դրա լուծմանն այժմ դժվար է մոտենալ՝ հաշվի առնելով Հայաստանի վիճակը։
Զատուլինն ինքն անընդունելի է համարում «Ադրբեջանական ԽՍՀ տարածքային ամբողջականության» շրջանակներում որևէ որոշում, առավել ևս, որ ԽՍՀՄ-ից դուրս գալու պահին Ադրբեջանն արդեն Ղարաբաղի զգալի մասի վրա վերահսկողություն չուներ։
«Ադրբեջանի կողմից խելամիտ կլիներ ապագա ռազմական հակամարտությունների, բախումների և փոխադարձ ատելության անվերջ շղթա չառաջացնել, այլ ընդառաջ գնալ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցում»,-նշեց նա։
Ինչպես նշեց ռուս պատգամավորը, ոչ ԽՍՀՄ փլուզման պահին, ոչ էլ հիմա Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատրաստ չէ ապրել Ադրբեջանի կազմում:
Ռուսաստանը չպետք է թույլ տա Թուրքիային խաբել իրեն․ Զատուլինը՝ պատմական անցյալի մասին
Համանախագահների առաջարկած հանրաքվեի տարբերակը՝ հակամարտությունից բնակչության համամասնության պահպանման դեպքում (շուրջ 74%-ը հայեր էին), անկասկած, անկախության ձեռքբերում էր ենթադրում։ Ադրբեջանը դա հասկանում էր և խաղադրույք կատարեց ռևանշի վրա։ Զատուլինի տեսանկյունից Ադրբեջանին ձեռնտու եղան այնպիսի գործոններ, ինչպիսիք են Թուրքիայի օգնությունը և հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը «թավշյա հեղափոխությունից» հետո։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին։ Հայկական կողմը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով վերսկսելու օգտին։
Զատուլինը խոսել է Արցախը ՌԴ կազմում ներառելու և ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մասին