ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Հայաստանում 21–ամյա զինծառայող է մահացել ավտովթարի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արման Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: