ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են բացել տարածաշրջանի զարգացման համար` ի շահ Հարավային Կովկասի բոլոր պետությունների: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նման կարծիք է հայտնել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունները հնարավորություններ են բացել տարածաշրջանի առավել համալիր զարգացման համար։ Ես համոզված եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը ընդհանուր առմամբ համապատասխանում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին»,- ասել է նա:
Միշուստինը նշել է, որ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական համագործակցությունն ընդհանուր առմամբ ակտիվորեն զարգանում է, նախապատրաստվում են ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ բազմամյա գործընկերային հարաբերությունները և ձգտում է դրանք լրացնել նոր բովանդակությամբ:
Հիշեցնենք`2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։