ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, իրավիճակը տարածաշրջանում ու Արցախում Ռուսաստանի խաղաղապահ անձնակազմի խնդիրների իրականացման շրջանում։
Երկու նախարարները նմանատիպ զրույց էին ունեցել մեկ օր առաջ՝ մայիսի 19-ին։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Գեղարքունիքում կրակոցներից հետո ադրբեջանցի հրամանատարը ներողություն է խնդրել. ՊՆ
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: