ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Օպերատիվ իրավիճակը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում հայ–ադրբեջանական սահմանին փոփոխություն չի կրել։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Իրադրությունը շարունակում է մնալ լարված այն արձանագրմամբ, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի»,– ասաց նա։
Ներկայացնելով, թե ինչ է անում այս առումով ՀՀ զինուժը` Փաշինյանը շեշտեց, որ փորձ է արվում մարտավարական միջոցներով սահմանափակել ադրբեջանցիների գործողություննրի պոտենցիալը։
«Մեր խնդիրը հետևյալն է` թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն` մաքսիմալն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար և երկրորդը` հասնել նրան, որ ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,– ասաց նա։
Այս նպատակով, ըստ Փաշինյանի, ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել ու արվում։ Վարչապետի պաշտոնակատրի գնահատմամբ` այդ աշխատանքն արդյունավետ է, որպես ապացույց Փաշինյանը մատնացույց արեց ԱԳ նախարարի թափուր աթոռը` նշելով, որ ԱԳ նախարարն ու փոխնախարարները զբաղված են հենց այդ աշխատանքներով։
«Այդ աշխատանքը համարում են արդյունավետ այն առումով, որ մեր միջազգային գործընկերների ու մեր դիրքորոշումներն այդ հարցով նույնական են` ադրբեջանցի զինվորականները պետք է լքեն ՀՀ տարածքը»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Այսօր` մայիսի 19–ին, ադրբեջանական կողմը չէր ներկայացել բանակցություններին։