ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Եվրախորհրդարանը ցավում է, որ ԵՄ-ն չի մասնակցել Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու համաձայնագրի շուրջ բանակցություններին: Այդ մասին ասված է Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում, որը պետք է հավանության արժանանա մայիսի 22–ին Բրյուսելում լիագումար նստաշրջանի արդյունքներով։
«ԵՄ-ն չի օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի իր շատ արժեքավոր գործընկերներին նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ», - ասված է փաստաթղթում:
Խորհրդարանականները պնդում են, որ պետք է շարունակել մարդասիրական օգնության ցուցաբերումը, աջակցել մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև աջակցել Հայաստանում և Ադրբեջանում գործող հասարակական կազմակերպություններին, որոնք իրական աշխատանք են տանում կողմերի հաշտեցման ուղղությամբ:
Միաժամանակ պատգամավորները ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հորդորում են, որ Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ օգնություն առաջարկի հրադադարի ռեժիմի ամրապնդման համար:
Եվրախորհրդարանի պատգամավորները համարում են, որ 2021 թվականի աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է բարձրացնել Անդրկովկասի անվտանգության և կայունության հարցը:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են