ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է Սիմոնյանի Facebook–յան էջում։
Փոխխոսնակը ներկայացրել է կայանալիք արտահերթ ընտրությունների նախաշեմին պետության ներկայիս ներքաղաքական զարգացումների մասին իր գնահատականները։
Ըստ հաղորդագրության` կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կյանքի վերադարձման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված բարեկամական պարտականությունների շրջանակներում ՌԴ կողմից ձեռնարկվող ջանքերի կարևորությունը։
Ընդգծվել է սահմանային միջադեպը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով արագ կարգավորելու երկկողմ հետաքրքրվածությունը։
Զրուցակիցներն արձանագրել են, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության պայմանների ձևավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։
Դրան են միտված 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ․-ի հունվարի 11-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրագործման համար ստեղծված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունը։
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։