ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Տեղեկությունը հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկու երկրների ՝ Բելառուսի և Հայաստանի ներսում ստեղծված իրավիճակը, մտքեր են փոխանակել ընթացիկ օրակարգի, առկա մարտահրավերների և սպառնալիքների շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։
Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։
Երեկ` բանակցությունների ավարտից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ասել էր, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։ Նման տեղեկություն սոցցանցի իր էջում հրապարակել էր նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Իսկ այսօր կայացած ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն եղել։ Բանակցությունները կշարունակվեն մայիսի 19–ին։