Հանուն ինչի՞ են միլիոնատերերը խորհրդարան մտնում։ Հարցվածների վարկածները մի քանիսն են՝ երաշխավորել դրամապանակում ունեցածի ապահովությունը, օգտագործել քաղաքական լծակները՝ դրամապանակում եղածը մեծացնելու համար, օգտագործել պատգամավորական անձեռնմխելիությունը հնարավոր քրեական հետապնդումների դեպքում, բավարարել անձնական հավակնությունները:
Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ ոչ ոք չասաց, թե հարուստները խորհրդարան են մտնում, որպեսզի զբաղվեն օրենսդրական գործունեությամբ, ներկայացնեն իրենց ընտրողների ու ընդհանրապես հասարակության շահերը։
Նույն մարդկանց հարցրի՝ իսկ իշխանությանը ինչի՞ն է պետք միլիոնատերերի ներկայությունը խորհրդարանում։ Պատասխանողներն ինձ ուղղեցին՝ ոչ միայն միլիոնատերերի, այլև հայտնի մարդկանց (երգիչներ, արտիստներ, մարզիկներ)։
Օլիգարխների դեպքում կարևոր է ֆինանսական ռեսուրսը։ Իսկ դերասանները, մարզիկները, երգիչներն իրենց թիկունքում հարյուր հազարավոր երկրպագուներ ունեն, այդ ձայները պետք են այն կուսակցությանը, որի ցուցակում հայտնվել է շատերի կուռքը։
Վերջին լուրերից․«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտադիր է որոշ գործարարների ընդգրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսանյակում։
Միանգամից մտքովս անցնում են Խաչատուր Սուքիասյանի և Սամվել Ալեքսանյանի անունները․նրանց դասում են Փաշինյանի ընտանիքի մտերիմների շարքում։
Երկուսն էլ արդեն ԱԺ-ում եղել են, բայց դժվար է ասել, թե աչքի են ընկել նախաձեռնություններով և արդյունավետ աշխատանքով։
Երկրորդ անգամ նույն գետը մտնելով (եթե ԶԼՄ-ները չեն սխալվում)՝ «հայկական Ֆորբսի» ցուցակի մարդիկ, իհարկե, կարող են իրենց որպես խորհրդարանականներ ավելի համոզիչ, վառ դրսևորել։ Բայց կա մի «բայց». իրեն բիզնեսին նվիրած մարդը հազիվ թե կարողանա նույն հաջողությամբ իրեն նվիրել պատգամավորական աշխատանքին։ Իսկ գումար վաստակելն այդ կարգի գործարարների համար ամեն դեպքում ավելի կարևոր է, քան օրենքներ կազմելը։ Դա հավասարապես վերաբերում է ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների գործունեության այլ ոլորտներին։
Ինչպես էր տիկին Գոհարը բերք աճեցրել նախարարության տանիքին
Օրինակ՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը իրենց լավ էին դրսևորում մարտի դաշտում, բայց ոչ ԱԺ պատգամավորի դերում։ Մի դեպքում զբաղվում էին իրենց գործով, մյուս դեպքում՝ պատվավոր «պարտականություն» էին կատարում։
Սա խորհրդային տարիներից պահպանված ավանդույթ է. ականավոր մարզիկ Յուրի Վարդանյանին ժամանակին ընտրել են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, այնուհետև նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, որից հետո որպես դեսպան Վրաստան էին ուղարկել: Եվրոպայի հնգակի, աշխարհի յոթնակի չեմպիոն, աշխարհի 43-ակի ռեկորդակիրը քաղաքականության մեջ ոչ մի «քաշ» չբարձրացրեց, բայց մարդկանց հիշողության մեջ մնաց որպես ականավոր մարզիկ։ Մի՞թե դա քիչ է։
Իսկ ահա Դոնալդ Թրամփը՝ հաջողակ գործարար, մագնատ, միլիարդատեր։ Ուզեց նախագահ դառնալ, դարձավ։ Քարոզարշավի համար իր փողերը բավական էին, գերտերության կառավարման հմտությունների և միջազգային գործերում հաջողությունների մասին կլռենք։ Հեռացավ՝ երկիրը հասցնելով այն վիճակին, որ մոլեգնող ամբոխը փորձեց գրավել Կապիտոլիումի շենքը։ Այդ երկրում նման բան նրան դեռ չէր եղել։
Ասում են, եթե մարդը բիզնեսի մեջ ակնառու հաջողությունների է հասնում, ուրեմն խելացի է, փորձառու, խորաթափանց։ Պարզվեց`եթե մարդ մի գործում խելացի, փորձառու և խորաթափանց է, պարտադիր չէ, որ նա նույն հատկությունները դրսևորի նաև պետական գործերում։
Մյուս կողմից՝ ԱՄՆ Կոնգրեսի, Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընդհանուր թվով 268 անդամ ավելի քան մեկ միլիոն դոլարի ակտիվներ ունեն։ Յուրաքանչյուր երկիր իր ավանդույթներ ունի:
«Մեր քաղաքացիների՝ Վաշինգտոնում իրենց շահերի պաշտպանությունն ունևոր մարդկանց վստահելու հակվածությունն անփոփոխ է։ Ֆինանսական բարեկեցությունը նաև անհրաժեշտ պայման է նախընտրական քարոզարշավներ վարելու համար»,-ասել է Պատասխանատու քաղաքականության կենտրոնի տնօրեն Շեյլա Կրումհոլցը «Ֆրանս Պրես» գործակալությանը:
Հարկ է նաև նշել, որ մի կողմից ամերիկացիների եկամուտների ընդհանուր աճի, մյուս կողմից գնաճային գործընթացների ֆոնին մեր օրերում միլիոն դոլարն այնքան էլ պատկառելի գումար չէ, որքան Մորգանի և Ռոքֆելերի ժամանակներում:
Մեզ մոտ լրիվ այլ է։ Հայաստանում պատգամավորի հաշվին մեկ միլիոն դոլարի առկայությունն անմիջապես լուրջ հարց է առաջացնում՝ որտեղի՞ց։ Եթե կուտակել է պատգամավոր դառնալուց առաջ, ապա հասկանալի է, իսկ եթե եկել է դատարկ գրպանով, ու կապիտալն աճում է, ապա հանուն ինչի՞ է եկել։
Պատերազմի բեկորները, կամ ինչպես փոխգնդապետ Ստեփանյանն օգնեց ճանաչել հայերին
Վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները բացահայտեցին ընտրողների վստահությունը վայելող մի քանի տասնյակ կայացած գործիչների՝ իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, սոցիոլոգների, որոնց ներկայությունը Ազգային ժողովում ոչ միայն տեղին է, այլև անհրաժեշտ։ Եթե նրանք զբաղեցնեն իրենց տեղերը, «հանուն ինչի՞ են եկել» հարցը ինքնաբերաբար կվերանա։ Եկել են երկիրը ոտքի կանգնեցնելու, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու, արժանապատվության զգացումը վերադարձնելու և այնպես անելու, որ բոլորը ենթարկվեն երկրի օրենքներին։ Ու որ «որտեղի՞ց է նրանց բանկային հաշվին առկա գումարը» հարցը չառաջանա։ Եվ ահա այդ դեպքում ազնվորեն վաստակած գումարն ու իշխանության գալը հակոտնյա չեն լինի։