ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի բռնկման հավանական պատճառ դիտարկվում է ջրային գործոնը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Առողջապահության նախարարությունը երեկ հայտնել էր, որ Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ): Լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանցիները թունավորել են մեր աղբյուրներից մեկը։ Սիսիանի ԲԿ–ի տնօրեն Անի Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել էր այդ լուրերը` ասելով, որ մեր ջրի ակունքները Շաքիում են գտնվում (Շաքին հեռու է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից-խմբ)։
«Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է բնակավայրի ջրամատակարարման համակարգի՝ մասնավորապես ջրագծի վթար, համակարգում ճնշման տատանումներ, ինչպես նաև տեղացող հորդառատ անձրև»,–նշված է հաղորդագրության մեջ։
Իրականացված վերականգնողական աշխատանքների արդյունքում վթարը վերացվել է, իսկ ջրի ախտահանումն իրականացվում է բնականոն ընթացքով՝ պահանջներին համապատասխան:
Տավուշի մարզում թունավորումից մահացած 11-ամյա աղջկա դեպքով քրգործ է հարուցվել
Սիսիանի ԲԿ–ի տնօրեն Անի Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` այսօր թունավորման գանգատներով միայն մեկ մարդ է հիվանդանոց տեղափոխվել։ «Մեկ մեծահասակ է նույն գանգատները (փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C) մեզ մոտ տեղափոխվել։ Այս պահին հիվանդանոցում են գտնվում ևս 5 փոքրիկ»,–ասաց Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ հիվանդությունը մարում է գնում։