ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. Այսուհետ անպտղություն ունեցող զույգերի և այն կանանց համար, որոնք զուգընկեր չունեն, բայց ուզում են երեխա ունենալ, գործընթացն ավելի հասանելի կլինի։ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց` «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում» փոփոխություններ են նախատեսում։
Նա հայտնեց` գործող օրենքում կային մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտում էին անպտղություն ունեցող զույգերին երեխա ունենալ. փոփոխությամբ վերացվում են այս սահմանափակումները։
«Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող զույգերից մեկն ըստ գործող կարգի` պետք է լինի երեխայի կենսաբանական ծնողը, այսինքն` կրի նրա գենետիկական կոդը։ Այս դրույթը վերացվում է, քանի որ կան ընտանիքներ, որտեղ ինչպես կինը, այնպես էլ ամուսինը չունեն առողջ սեռաբջիջներ։ Այսինքն` օրենքի փոփոխությամբ դոնորական սերմի և ձվաբջջի միջոցով կարող են միջամտություն կատարել»,–ասաց Փաշայանը։
Նրա խոսքով`այն զույգերին, որոնք ունեն նույն սեռի երեք երեխա, օրենքով թույլ են տալիս օժանդակ տեխնոլոգիաների միջոցով պլանավորել չորրորդ երեխայի սեռը։
Վարչապետը գիտի դեմոգրաֆիական խնդիրների լուծման ճանապարհը
Մասնագետը նշեց` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող ընտանիքները երբեմն ավելի շատ սաղմիկներ են ստանում, քան նրանց պետք է։ Քանի որ այդ սաղմիկները տարիներով պահպանվում են, օրենքի փոփոխությամբ առաջարկում են այս ընտանիքներին հնարավորություն տալ սաղմերը նվիրաբերել այն ընտանիքներին, որոնք սեռաբջիջ չունեն։
Փաշայանը տեղեկացրեց նաև, որ օրենքի փոփոխությամբ սահմանափակվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող կանանց տարիքը (այժմ մինչև 53 տարեկան կանայք կարող են դիմել այդ ծառայություններին)։ Նա նշեց, որ սահմանափակում է մտցվել` ելնելով կնոջը սպառնացող առողջական վտանգներից. հետազոտությունները փաստում են` մեծահասակների մոտ մայրական և մանկական մահացության դեպքերը 3 անգամով շատ են, քան երիտասարդների մոտ։
«Ներարգանդային կաբինետներն արտամարմնային բեղմնավորման կաբինետներից կառանձնացվեն։ Սրա միջոցով հնարավորություն կտրվի մարզերում նույնպես գրասենյակներ բացել, քանի որ բուժումը 1.5-2 տարի է տևում։ Ճգնաժամային վիճակում է մեր դեմոգրաֆիկ վիճակը` պայմանավորված պատերազմով և կորոնավիրուսային իրավիճակով»,–ասաց Փաշայանը` հավելելով, որ փոխնակ մայրերի դեպքում հանվել է նաև այն սահմանափակումը, որ ծնողներից մեկը պարտադիր պետք է դոնորը լինի։
Ի դեպ, օտարերկրացիներին արգելվում է նվիրաբերել կամ տրամադրել սաղմիկներ և օգտվել դոնորական սաղմիկներից։ Բացառություն կլինեն նրանք, ովքեր կապացուցեն իրենց հայկական ծագումը։
«Անպտղություն ունեցող զույգերի անվճար բուժման հերթագրումը սկսվել է». Գայանե Ավագյան
Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն էլ իր հերթին հայտնեց` Հայաստանում պտղաբերության ինդեքսը 1.6 է, այսինքն` հնարավորություն չունենք անգամ 2 երեխա ունենալու։
«Դարի վերջում ուղիղ երկու անգամ պակաս բնակչություն կունենանք` 1.5 մլն կլինենք։ Օրենքում փոփոխություններն առաջացել են պահանջարկից։ Հազարավոր կանայք մեզ դիմում են, որոնք զուգընկեր չունեն և երեխա են ուզում ունենալ։ Օրենքը թույլ է տալիս նման կանանց երեխա ունենալ»,–ասաց Համբարձումյանը։
Նա հավելեց, որ արդեն իսկ վերապատրաստումներ են սկսել և փորձում են մասնագետներ պատրաստել, գրասենյակներ բացել մարզերում, որտեղ գոնե ներարգանդային սերմնավորում կիրականացվի։
Հիշեցնենք, որ դեռ 2019-ին կառավարությունն ընդունել էր անպտղության հաղթահարմանն ուղղված որոշում, ըստ որի սահմանվել է անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները:
Մասնավորապես, այդ ծրագրից կարող է օգտվել 5 խումբ. այն ընտանիքները, որտեղ զույգերից մեկն ունի հաշմանդամություն կամ զույգերից մեկը զինծառայող է, անապահովության 30 և ավելի միավոր ունեցող ընտանիքները, սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքներն ու զոհված զինհաշմանդամների ծնողները:
Կառավարությունն անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծ է ընդունել
Ի դեպ, 2020-ին ընդայլնվել է սահմանամերձ բնակավայրերի ցանկը: Եթե մինչև այդ այս ծառայություններից ընդամենը 38 համայնքի բնակիչ կարող էր օգտվել, 2020 թվականի փոփոխությամբ համայնքները դարձան 184-ը:
Նշենք, որ ՀՀ կառավարության այսօրվա` մայիսի 13–ի նիստում կառավարությունն ընդունեց օրենքի նախագիծը։