ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Միայն ոգով արի ու ազատատենչ ժողովուրդներն են հաղթանակով խաղաղություն պարտադրում ռազմատենչ ու վայրագ ցեղերին: Այս մասին նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։
«Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով տարիներ առաջ ասել եմ և այսօր էլ նույնքան համոզված եմ՝ մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին և պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու»:
Ուղերձում շեշտվում է՝ հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը:
«Լինենք արժանի բոլոր ժամանակներում կենաց-մահու պայքարը օտարի լծի տակ ապրելուն գերադասած և այդ պայքարում հաղթանակներ կռած մեր հերոսների հիշատակին, նաև արժանին մատուցենք այսօր հայրենիքի պաշտպանության և ազգային արժեքների պահպանության դիրքերում ամուր կանգնած մերօրյա հերոսներին:
Շնորհավորում եմ բոլորիս՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ»,-ասված է ուղերձում:
Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ
Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակը, Շուշիի ազատագրման (1992) և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Արցախյան 44-օրյա պատերազմի վերջին օրերին Շուշին ժամանակավորապես բռնազավթվել է ադրբեջանցիների կողմից։