ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Շենգավիթի ու Մալաթիայի թաղապետները գիշերային «ռազբորկային» չեն մասնակցել։ Նրանք պարզապես անցնելիս են եղել այդ տարածքով և տեսնելով, որ վիրավորներ կան, օգնել են նրանց հասցնել հիվանդանոց։ Sputnik Արմենիային այս մասին վստահեցրին Երևանի քաղաքապետարանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 1-ին, «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում` Թոխմախի գերեզմանատանը, կան վիրավորներ։
Ահազանգը ոստիկանությունում ստացել էին կեսգիշերն անց։
«Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին են ահազանգել, որ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի` հրազենային վնասվածքներով, 1 հոգի էլ դանակահարված։
Ըստ տեղեկությունների` վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները։
Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն է Դավիթ Կարապետյանը (համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները), իսկ Շենգավիթ վարչական շրջանինը` Ռազմիկ Մկրտչյանը (ՔՊ կուսակցություն)։