ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. «Միսս տիեզերք-2020» մրցույթում Հայաստանը ներկայացնող 21–ամյա գեղեցկուհի Մոնիկա Գրիգորյանն արդեն Նյու Յորքում է, որտեղ կմնա մինչև մայիսի 6–ը։ Թե ինչպես է Մոնիկան անցկացնելու առաջիկա օրերը` մինչև մրցույթի մեկնարկը, Sputnik Արմենիային պատմել է «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը։
Նշենք, որ «Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներն ավելի վաղ հայտարարություն տարածեցին, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգված «Միսս տիեզերք 2020»–ը կայանալու է, իսկ մասնակից պետություններին էլ հնարավորություն տրվեց ազգային մրցույթ անցկացնելու փոխարեն միանգամից առաջադրել սեփական թեկնածուին։ Գոհար Հարությունյանը առաջադրեց «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե միսս Մոնիկա Գրիգորյանի թեկնածությունը։
«Մոնիկան արդեն հասել է Նյու Յորք։ Նշեմ, որ վերջին մեկ ամսում Մոնիկան գրեթե չէր քնում, առավելագույնը՝ 1-2 ժամ։ Դա կապված էր նրա հուզմունքի ու ոգևորվածության հետ։ Հույս ունեմ այդ վիճակը կանցնի ու նրան չի խանգարի։ Մոնիկային Նյու Յորքում դիմավորել է մի շատ լավ մասնագետ, որը «Միսս տիեզերքի» բազմաթիվ մասնակիցների է նախապատրաստել մրցույթին։ Մոնիկան անհատական պատրաստումներ կանցնի նրա մոտ, կայցելի Նյու Յորքի մոդելային գործակալություններ, կծանոթանա տեղի դիզայներների, լուսանկարիչների հետ, կսովորի այն ամենը, ինչ պահանջվում է մրցույթում», – ասաց Գոհարը։
Նյու Յորքում բազմաթիվ հայեր կան, որոնք ցանկանում են ծանոթանալ Մոնիկայի հետ։ Նրանց հետ հանդիպումը կկայանա մայիսի 1–ին` Նյու Յորքի հայկական եկեղեցում։
Նշենք, որ Մոնիկայի մասնակցությամբ վերջերս Հայաստանի մասին պատմող գեղեցիկ տեսահոլովակ է նկարահանվել, որտեղ նաև հայկական մի շարք եկեղեցիներ կան։
«Այդ տեսանյութը կցուցադրվի Նյու Յորքի հայկական եկեղեցում»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` մրցույթին նախապատրաստվելու համար ժամանակը շատ քիչ էր, դա էր պատճառը, որ Արցախի տարազով չեն մասնակցի մրցույթին, ինչպես նախապես ծրագրված էր։
Ամառը չի եկել, բայց նրանք արդեն լողազգեստով են. աստղային հայուհիների կրքոտ լուսանկարները
«Քաղաքական ոչ մի պատճառ չկա, ուղղակի զգեստի հետ կապված խնդիրներ եղան։ Մոնիկան կներկայացնի Երևանի տարազը, որը հատուկ նրա համար կարել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին։ Այս տարի կրկին մրցույթ կլինի, որին անպայման կներկայացնենք Արցախի տարազը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Մոնիկա Գրիգորյանը շատ դժվարություններ է հաղթահարել, 10 տարեկանում կորցրել է հորը։ Նա մրցույթի բեմից ուզում է խոսել նաև Արցախի ու արցախյան պատերազմի մասին, որը բազմաթիվ երեխաների ծնողազուրկ դարձրեց։
Մրցույթը տեղի է ունենալու մայիսի 16-ին ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգում։