ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարվում։ Այս պահին վտանգված է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների շուրջ 2000 հուշարձանների ճակատագիրը։ «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը։
«Այժմ վտանգված է 13 վանական համալիրի, 122 եկեղեցու, 52 ամրոցի, 523 խաչքարի և 4 մատուռի ճակատագիրը։ Բացի այդ, 127 դպրոցական գրադարաններ 617 000 անուն գրքով մնացել են օկուպացված տարածքներում։ Ինչ վերաբերում է թանգարաններին, ապա 12 թանգարան է մնացել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում` 20 000 նմուշներով»,–ասաց Ղարախանյանը։
Նա նշեց նաև, որ Տիգրանակերտի պատմահնագիտական ամրոց-թանգարանը մնացել է թշնամու վերահսկողության ներքո գտնվող տարածքում, իսկ Հունոտի կիճը դեռևս չեզոք գոտում է, և դեռ հայտնի չէ` մնալո՞ւ է մեզ, թե ոչ։ Ըստ նախարարի` Ազոխում պեղումների ժամանակ հայտնաբերված բոլոր ցուցանմուշներով տարվել է Ադրբեջան, ինչի առնչությամբ ապացույցներ էլ կան։
«Այսօր սկսվել է երկրորդ եղեռնը. եղեռն` եղեռնից հետո։ Ցավոք, դեռևս չկան այն սաստող քայլերը, որոնք Ադրբեջանին կստիպեն կանգ առնել»,–ասաց Ղարախանյանը։
Ղարախանյանը հայտնեց` այժմ Ադրբեջանը երկու ուղղությամբ է իր քաղաքականությունն առաջ տանում` հայկական հուշարձանների ոչնչացում և դրանց` որպես ալբանական մշակույթի մաս ներկայացնելու փորձեր։ Սա, նրա մեկնաբանմամբ, հարված է մեր ինքնությանը։
Հիշեցնենք` մարտի 25-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով հայկական եկեղեցու ավերման մասին բացահայտող տեսանյութին, հայտարարեց, թե մատուռն ապօրինի կառուցվել 1993-ից հետո, ուստի չի կարող Ջաբրայիլի մշակույթի պատմության մաս համարվել:
Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը
Ավելի վաղ Ադրբեջանն ավերել էր նաև Շուշի քաղաքի` ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), որի վերաբերյալ, թեևս, որևէ արդարացում չգտնելով, որոշել էր լռություն պահպանել:
«Հուսով ենք` Բաքուն միջոցներ կձեռնարկի». Զախարովան՝ Քարինտակի ու Շուշիի վանդալիզմի մասին