«Ես ապրում եմ Սալոնիկում, իսկ որտեղի՞ց են նախնիներս... Կարսից։ Ինչպե՞ս, ձե՞րն էլ»,– հեղինակը նման խոսակցություն ունեցավ ծանոթ հույներից մեկի հետ։
Դժվար թե ինչ–որ մեկը Հայաստանում կամ սփյուռքում հարցնի. «Ինչների՞ս են պետք ուրիշները, մենք դեռ մեր խնդիրները պետք է լուծենք»։ Բարեբախտաբար հայերի շարքում կամ չկան նման մարդիկ, կամ շատ քիչ են։ Ցավոք, տասնամյակներ շարունակ չորս ժողովուրդները` հույները, հայերը, ասորիները, եզդիները, առանձին–առանձին են պայքար մղել ստի և մոռացության դեմ։
Մի դժբախտություն, մի տագնապ, մի ճակատագիր, մի հող
Անհնար է թեկուզ ընդհանուր առմամբ մեկ կամ նույնիսկ մի քանի հոդվածում պատմել ցեղասպանության մասին, որոնք ապրել են այդ ժողովուրդները։ Բայց եթե ծանոթանանք աղբյուրների հետ, որոնք հավաքել են հույն և ասորի պատմաբանները, կարող է թվալ, որ մենք կարդում ենք մեր ժողովրդի պատմությունը։
Ահա, օրինակ, հատված Հենրի Մորգենթաուի` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանի գրառումներից. «Հույներին, ինչպես և հայերին մեղադրել են օսմանյան կառավարությանն անհավատարմության, Մարմարա ծովում անգլիական սուզանավերին պաշարներ մատակարարելու և լրտեսության մեջ։ Ինչպես և հայերի դեպքում՝ թուրքերը պատրվակ էին որոնում` մի ամբողջ ժողովրդի ոչնչացումն արդարացնելու համար»։
Նույն Մորգենթաուի խոսքով` թուրքական իշխանությունները հույների դեմ կիրառել են ճիշտ այնպիսի մոտեցում, ինչպես և հայերի։ Նրանք սկսել են հույներին զորակոչել բանակ, դրանից հետո նրանցից կազմավորել են աշխատանքային գումարտակներ, որոնք ճանապարհ են կառուցել Կովկասում և ռազմական գործողությունների այլ վայրերում։ Ճիշտ նույն կերպ թուրք ժանդարմները տնից տուն են մտել և փնտրել թաքցրած զենքերը, իսկ բնակիչներին ենթարկել են կտտանքների։
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հույները կազմել են Օսմանյան կայսրության բժիշկների 52 տոկոսը, ճարտարապետների 52 տոկոսը, ինժեներների 37 տոկոսը (առաջիններից մեկը, ով գնահատել է Օսմանյան կայսրությունում բուրժուազիայի կազմը, եղել է խորհրդային և հայ պատմաբան Հովհաննես Ինջիկյանը 70–ական թթ.–ի վերջին)։
1914 թ–ի մայիսի 14–ին Թալեաթ փաշան հրամայել է «մաքրել» Կոստանդնուպոլիսի շուրջ գտնվող բոլոր հունական բնակավայրերը։ Նրա ստորագրած շրջաբերականում ասվում էր, որ հույները «օր ու գիշեր աշխատում են իրենց ազգային գաղափարը կյանքի կոչելու համար»:
Զմյուռնիայի նահանգապետ Ռահմի բեյին կարգադրվել է արտաքսել հույներին Էրզրում և երկրի այլ ներքին շրջաններ։ 1915 թ–ի մայիսի 27–ին օսմանյան խորհրդարանն ընդունել է «Տեղավորման և վերաբնակեցման մասին օրենքը» (Sevk ve İskân Kanunu), որը վերաբերել է հայերին ու հույներին (ասորիների կոտորածները սկսվել են մոտավորապես նույն ժամանակաշրջանում)։ 1915 թ–ի հուլիսին ամերիկյան դիվանագետներին համոզել են, որ հունական բնակավայրերի դեմ միջոցները «պատահական դրվագներ» են (ամերիկյան դեսպանատան աշխատակից Լյուիս Դևիդ Էյնշտեյնի հիշողություններից)։
Հույներն ու հայերը բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիա տանող միջպետական ճանապարհին
Հեղինակը այս և այլ տվյալներ վերցրել է հայտնի հույն պատմաբան Վասիլիոս Միխանեցիդիսի աշխատանքներից։
Հունական հասարակությունում ցեղասպանության ճանաչման պատմությունը նման է հայերի պատմությանը, ասաց Միխանեցիդիսը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Ցեղասպանություն ապրած հույների առաջին սերունդը պահպանել է ողբերգության և կորսված հայրենիքի մասին հիշողությունները ընտանեկան պատմություններում, ոմանք գրառել են դրանք։ Անմեղ զոհերի հոգիների հանգստության համար անցկացվել են պատարագներ, ժողովրդի հանգանականություններով կառուցվել են հուշարձաններ։ Հաջորդ սերունդն արդեն համակարգված ուսումնասիրել է պատմությունը։ Հաճախակի են դարձել հիշատակի արարողությունները, միջոցառումները և ցույցերը։ Երրորդ սերնդում արդեն հայտնվել են գիտնականներ, որոնք ընդլայնել են հույների ցեղասպանության ուսումնասիրությունը, հայտնվել են նոր ուսումնասիրություններ»,– պատմում է Միխանեցիդիսը։
Հույների ցեղասպանության ճանաչմանը խանգարել են բոլշևիստական Ռուսաստանի, այնուհետև նաև Արևմուտքի հետ քեմալականների հարաբերությունները (որը նույնպես շտապել է բարեկամանալ քեմալականների հետ)։ Սառը պատերազմի ժամանակ արևմտյան երկրները չէին ուզում բարձրացնել այդ հարցը` ի վնաս Թուրքիայում իրենց քաղաքական և տնտեսական շահերի։ Հունաստանում հարցը նախընտրել են չբարձրացնել` վախենալով Կոստանդնուպոլիսի պատրիարքության (այն մնացել էր Թուրքիայում), ինչպես նաև հույների ճակատագրի համար, որոնք դեռ մնացել էին Կոստանդնուպոլիսում և այլ շրջաններում։ Առաջին աշխարհամարտից առաջ Օսմանյան կայսրությունում բնակվող երկու միլիոն հույներից այժմ մնացել է շուրջ երեք հազարը:
Սղերդ և Կիլիկիա
Նախորդ ենթավերնագիրը («Մի ճակատագիր, մի հող») լիովին համապատասխանում է նաև ասորիների պատմությանը։ Բավական է նշել, որ Սղերդ քաղաքը (այն վայրերից մեկը, որտեղ առաջացել է քոչարի պարը) եղել է ասորական մշակույթի կենտրոններից (դրա ասորական անվանումը Սիրթ է)։
Տարբեր անվանումներով հայտնի ազգը (ասորիներ, քաղդեացիներ, արամեացիներ) ասորա–բաբելոնական մշակույթի ժառանգորդն է և վաղ քրիստոնեական քաղաքակրթության ստեղծողներից։ Մ. թ. 1–ին դարում նրանք կազմել են Անտիոք քաղաքի հիմնական բնակչությունը, որտեղ Քրիստոսի հետևորդներին առաջին անգամ սկսել են քրիստոնյաներ կոչել։ Նրանց մշակույթի մեկ այլ կենտրոնը Էդեսա քաղաքն էր` հայոց պատմության մեջ հայտնի որպես Եդեսիա։ Պետության անկումից հետո եկեղեցին մնացել է ազգային ինքնության գլխավոր պաշտպանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց հայտնի ասորի պատմաբան, Լիոնի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Յակուբը։
«Օսմանյան Թուրքիան և երիտթուրքերն ուզում էին բնաջնջել ասորի–քաղդեացիներին ոչ միայն ֆիզիկապես։ Նրանք մտադիր էին ոչնչացնել նրանց մշակույթը, կրոնը և հիշողությունն այն մասին, որ նրանք երբևէ ապրել են իրենց հողում», – նշում է Յակուբը։
1915 թ–ին Արևելյան Հայաստանում և Կիլիկիայում սկսվել է ասորի–քաղդեացիների զանգվածային բնաջնջումը։ Սպանվել են հազարավոր մարդիկ (նվազագույն գնահատականներով` ավելի քան 250 հազար)։ Բացի դրանից, մեկը մյուսի հետևից քանդվել են արամեերեն հազվագյուտ ձեռագրերի գրադարանները (դրանց մի մասը թարգմանվել է հայերեն և հայերենից) Սիրթի և Դիարբեքիրի թեմերում, Թուր Աբդինի վանքերում և Հաքարիի լեռներում։
Ողբերգությունը շարունակվել է նաև 1918 թ–ին Իրանի հյուսիս–արևմուտքում այն բանից հետո, երբ ռուսական զորքերը 1917 թ–ի դեկտեմբերին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հեռացել են թուրք–պարսկական ռազմաճակատից։ Դրանից հետո թուրքական բանակը ներխուժել է հյուսիս–արևմտյան Իրան և սկսել կոտորել տեղի ասորիներին։ Այդ հարցում նրանց ակտիվորեն օգնել են քրդերը`չենթադրելով, որ 30–ականների վերջին թուրքերը կզբաղվեն նաև իրենցով։
Մոր մարմնի հետ նետել են ձորը․ ինչպես է փոքրիկ հայուհին փրկվել «Տիգրանակերտի մսագործից»
Ինչպես և հույների դեպքում, ասորիների ցեղասպանության մասին վկայություններ սկսել են հայտնվել արդեն Առաջին աշխարհամարտի տարիներին։ Նման աղբյուրներից մեկը «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում» աշխատությունն է`ականատեսների վկայությունների հավաքածու, որը կազմվել է 1916 թ–ին վիկոնտ Ջեյմս Բրայսի և Առնոլդ Թոյինբիի` 20-րդ դարի պատմագիտության դասականի կողմից։ Այստեղ բազմաթիվ հիշատակումներ կան ասորիների կոտորածների մասին։ Այդ տարիներին ասորիների ողբերգության մասին հոդվածներ հրապարակել է «Արարատը»` Լոնդոնի միավորված հայ համայնքի ամսագիրը։
Եթե բոլորը Արայի նման լինեին
Ավելի քան մեկ տարի Ֆրանսիայի Ազգային ժողովում է գտնվում ասորի–քաղդեացիների ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագիծը, որը ներկայացրել է Վալերի Բուայեն (այժմ` սենատոր)։ Ֆրանսիայի ասորա–քաղդեական համայնքի ակտիվիստներից մեկը` Վիլյե լե Բել քաղաքի փոխքաղաքապետ Դանիել Օգյուստը, մի քանի անգամ Ելիսեյան պալատում հանդիպել է խորհրդարանականների և աշխատակազմի աշխատակիցների հետ։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով շփումները հազվադեպ են դարձել, բայց դա նրան չի վշտացնում։
«Ցավոք, ես հայկական կազմակերպությունների կողմից աջակցություն չեմ տեսնում այդ բանաձևն ընդունելու հարցում։ Իմ առաջարկներն այն մասին, որ պետք է ավելացնել Ֆրանսիայում ասորի–քաղդեացիների մասին հիշատակումը ապրիլի 24–ի հիշատակի օրվա մասին հրամանագրում, պատասխան չի ստացել։ Բայց ուզում եմ ընդգծել` ինչ էլ որ լինի, ես կշարունակեմ աջակցել իմ հայ եղբայրներին ու քույրերին։ Ապրիլի 24–ին ես կրկին Ֆրանսիայի Կոմիտասի հրապարակում էի։ Դա իմ պարտքն է»,– ասում է Օգյուստը։
Միաժամանակ Ֆրանսիայի հայ մտավորականության որոշ ներկայացուցիչներ հետևողականորեն հայտարարում են ասորիների, հույների և եզդիների ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Նրանցից մեկը Արա Թորանյանն է` Nouvelles d'Armenie հրատարակության գլխավոր խմբագիրը։
«Նա զարմանալի մարդ է, որը միայնակ ահռելի աշխատանք է կատարում։ Կարող եմ միայն մի բան ասել. եթե բոլորն անեին Արայի արածի թեկուզ 1 տոկոսը, մեր խնդիրը 100 տոկոսով լուծված կլիներ», – ասում է Օգյուստը։
Նշենք, որ 2010 թ–ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է ցեղասպանությունը տեղի ասորական համայնքի նախաձեռնությամբ, որը բավական խոշոր է (խորհրդարանում այն ներկայացված է մի քանի պատգամավորներով)։ Բանաձևի հեղինակները տեքստում հիշատակել են ասորի–քաղդեացիների, արամեացիների, հույների և հայերի ցեղասպանությունը։ Այդ ժողովուրդների ողբերգությունը հիշատակվում է նաև 2016 թ–ի Բունդեսթագի և 2019 թ–ին Ներկայացուցիչների պալատի (արդեն հայկական լոբբիի ջանքերով) բանաձևերում։
Ընդհանուր հուշարձան
Բեռլինում կանգնեցվել է 1912-22 թթ–ին Թուրքիայում ցեղասպանության զոհերի ընդհանուր հուշարձան (հնարավոր է, ուրիշ հուշարձաններ կան, բայց մեզ այդ մասին հայտնի չէ)։ Հուշարձանն իրենից ներկայացնում է երեք խորան` հայկական, հունական և ասորական եկեղեցական ճարտարապետության ոճով։ Խորանների առջև «1912-1922 թթ–ին Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության զոհերի հուշարձան» գրությամբ ցուցատախտակ է։ Մեջտեղում ճեղքվածք կա, որը խորհրդանշում է բաց վերքը։
«Եթե երբևէ թուրք օրենսդիրներն ընդունեն և դատապարտեն ցեղասպանությունը, մենք կփակենք այդ ճեղքը։ Բայց 106 տարի է անցել, իսկ վերքը մինչև հիմա բաց է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տեսսա Հոֆմանը` «Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության զոհերի էկումենիկ հուշահամալիրի ընկերություն» (գերմաներեն հապավումը` FOGG) կազմակերպության ներկայացուցիչը։
20 մլն դոլար ու ավետարանի 8 էջ. ինչ փոխհատուցում է ստացել ցեղասպանության ենթարկված հայը
Այդ կազմակերպության խորհրդում ներառված են Ժիրայր Քոչարյանը, Ամիլ Գորգիսը և Պանայոտիս Ցավդարիդիսը` Բեռլինում բնակվող հայը, ասորին և պոնտացի հույնը։ Բայց դա փակ էթնիկ միություն չէ, կազմակերպությունը բաց է բարի կամքի բոլոր մարդկանց համար, ընդգծեց Հոֆմանը։
Կազմակերպությունը ֆինանսավորվում է մասնավոր նվիրատուների և կազմակերպությունների կողմից (այդ թվում` Բեռլինի քաղաքային կառույցների)։ FOGG–ը ֆինանսավորում չի ստանում այլ երկրներից, այդ թվում` Հայաստանից և Հունաստանից` այն լոբբիստական կազմակերպություն անվանելու առիթ չտալու համար։ Հանգանակված միջոցներով էլ կառուցվել է հուշահամալիրը։
Ընդհանուր հիշատակը հարգելու գաղափարը ծնվել է 2002 թ–ին Բեռլինում գիտաժողովներից մեկի ժամանակ։ Հենց այնտեղ հույն իրավապաշտպան Լամբրոս Սավիդիսը և նրա կինը` Տեսսա Հոֆմանը, հիմնել են «Mit einer Stimme sprechen!» («Խոսել մի ձայնով») նախաձեռնությունը։ Աստիճանաբար այն միավորել է հայերի, ասորիների և հույների ցեղասպանության զոհերի սերունդներին և 2011 թ–ին դարձել կազմակերպություն։
«Մենք ուզում էինք, որպեսզի այդ ժողովուրդների հիշողությունը նշվի ոչ թե մրցակցությամբ, այլ համատեղ գործողություններով։ Մենք կարևոր ենք համարում, որ Գերմանիայի մայրաքաղաքում տեղադրվել է ընդհանուր ողբերգության զոհերի հուշարձան», – նշում է Հոֆմանը։
Դա հատկապես կարևոր է` հաշվի առնելով այն, որ մինչ այդ Բեռլինում ցեղասպանության զոհերի (որոնց ընդհանուր թիվը հասնում է երեք միլիոնի) ոչ մի հուշարձան չի եղել, միաժամանակ պատվել են հանցագործության կազմակերպիչների գերեզմանները։ Նոյքելն շրջանում Շեխիթլիք մզկիթի մուտքի մոտ է գտնվում Տրապիզոն (հունական անվանումը` Տրապեզունդ) վիլայեթի նահանգապետ Ջեմալ Ազմիի և «բժշկության դոկտոր» Բեխաեդդին Շաքիրի գերեզմանները։ Նրանք եղել են հայերի զանգվածային բնաջնջման կազմակերպիչներից։ Երկուսն էլ չեզոքացվել են «Նեմեսիս» գործողության շրջանակում, և այդ մզկիթում համարվում են «նահատակներ»։
Ապրիլի 24–ին FOGG–ը ակցիա է անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ, իսկ ամսի 25–ին` հիշողության ժամ հուշահամալիրի մոտ։ Ակտիվիստները հավաքվում են այստեղ նաև ի հիշատակ Թուրքիայում ցեղասպանություն ապրած մյուս ժողովուրդների զոհերի. մայիսի 19–ին (Պոնտոսի հույների), հունիսի 15–ին (ասորիների և արամեացիների), օգոստոսի 7–ին (իրաքյան ասորիների), սեպտեմբերի 14–ին (Փոքր Ասիայի հույների)։
Այդ և մի քանի այլ օրինակներ (օրինակ, Joint Justice Initiative Ավստրալիայում) ցույց են տալիս, թե ինչպես է հասարակական գիտակցության մեջ փոխվում պատկերացումը արդարության համար պայքարում, երբ այն մղում են ընդհանուր ուժերով։ Կարելի է պատկերացնել, թե որքան լայն կլինի այդ գործողությունների արձագանքը, եթե գործին միանան քաղաքական գործիչները։