ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոստիկանները գիշերը բերման են ենթարկել Երևան։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Մխիթարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։
«Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց` գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկատվությունը սեփական միջոցներով ենք հայթհայթել»,–գրել է փաստաբանը։
Ավելի վաղ ամուլում լուրեր էին տարածվել, որ ոստիկանները պատրաստվում են խուզարկել Մխիթարյանի տունը։
Ոստիկանությունում փաստաբանին ասել են, որ այս պահին Մխիթար Զաքարյանի հետ որևէ գործողություն չի կատարվելու։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։
Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։
«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,–ավելի ուշ Facebook-ում գրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։