ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ Ցեղասպանության թանգարանում նոր ցուցադրություն է բացվել։ Թանգարան–ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` ցուցադրությունը կրում է «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագիրը, և այնտեղ ներկայացված են 30 պատմություններ։
«Թանգարանում կա ավանդույթ` ամեն տարվա ապրիլի 24-ին ընդառաջ ժամանակավոր ցուցադրություն ունենալ։ Այս անգամ ցուցադրությունը նվիրված է շարքային մարդկանց, նրանց, ովքեր վերապրեցին և սերունդներին պատմեցին իրենց ընտանիքների պատմությունները»,–ասաց Մարությանը։
Նրա խոսքով` Ցեղասպանությունից հետո արդեն 3-4-րդ սերունդն է եկել, և մի շարք պատմություններ մոռացվել են, սակայն թանգարանի ֆոնդերում նույնպես կան վերապրածների պատմություններ, որոնք կհրատարակեն։
Նոր բացված ցուցադրությանը ներկայացված են նաև բանահավաք Վերժինե Սվազյանի հավաքած պատմություններից, և սա, ըստ Մարությանի, առաջին ցուցադրությունն է, որտեղ այսքան մեծ թվով պատմություններ են ներկայացված։
«Հուսանք` այս մոտեցումն իր շարունակությունը կունենա, քանի որ անհատների պատմություններն էլ շատ կարևոր են»,–ասաց նա։
Նշենք, որ ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, ներկայացված են ինչպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների պատմությունները, այնպես էլ անձնական իրեր` ակնոց, դրամապանակ, գուլպաներ։
Ներկայացված են նաև հատվածներ Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսագրություններից:Նշենք, որ ներկայացվող պատմություններից մեկն էլ արգենտինահայ Արմեն Արսլանյանի ընտանիքի մասին է։ Արսլանյանն այս օրերին Հայաստանում է, եկել է, որ մասնակցի ցուցադրությանն ու տեսնի ներկաների արձագանքը։
«Իմ տատն ու պապն ապրել են Թուրքիայի Հաճն քաղաքում, նրանք կլայեկագործ էին (խմբ. կլայեկագործությունը պղնձե տարաներն անագով պատելու (կլյակելու) արհեստն է)։ 1915-ին գերդաստանս երկու խմբով աքսորվեց Դեր–Զոր և Հոմս։ Դեր–Զոր գնացող 25 անձից որևէ մեկը ողջ չմնաց, իսկ Հոմս գնացողներից ողջ մնացին պապս` Ստեփան Արսլանյանը, տատս` Օվսաննան, և նրանց 3 զավակներից մեկը։ Տատս պատմում էր, որ 2 ամիս միայն խոտ են կերել»,–ասում է Արմեն Արսլանյանը։
Ջարդից հետո ծնվել է վերջինիս հայրը, իսկ ընտանիքը Հաճն վերադառնալ չի կարողացել և բռնել է գաղթի ճամփան` հաստատվելով նախ Աթենքում, հետո մեկնելով Բուենոս Այրես։ Արմեն Արսլանյանի տատն ու պապը 1970-ականներին են մահացել։
«Ապրելով սփյուռքում` պետք է կամուրջ լինենք ու ամեն ինչ անենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը վերջնականապես ճանաչվի։ ԱՄՆ–ն ու Եվրոպան միշտ մարդկանց իրավունքների մասին են խոսում, բայց երբ գալիս է քայլեր անելու հերթը, այլ կողմ են նայում։ Մեր պարտականությունն է իբրև հայ ու իբր եղեռն տեսածների թոռներ, այնպես անել, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ամբողջ աշխարհը մեզ պարտք է, ձախողել չկա այս հարցում»,–ասում է Արսլանյանը։
Նշենք, որ ցուցադրությունը կգործի մինչև սեպտեմբերի 10-ը: Մուտքն ազատ է։