ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ապրիլի 22-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում՝ Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ, ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է, որ կվիրավորի նրա հարազատներին։
Նշված վայր է ժամանել ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ խումբը, պարզվել է, որ նշված վայրից դանակահարված վիճակում Վաղարշապատի բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա Տիտալ Սլոյանը։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։
Ոստիկանության Էջմիածնի բաժին օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ամատունի Հակոբյանի գլխավորությամբ մեկնում են դեպքի վայր, որտեղ էլ նրանց ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ են հնչում։
Ոստիկանները պարզում են, որ կրակոցներ արձակողը Ա․ Սլոյանն է, ու սկսում են նրա հետ բանակցություններ վարել, որ նա ցած դնի զենքը և ինքնակամ հանձնվի, սակայն նա շարունակում է կրակել, ապա մի պահ դադար տալուց հետո մեկ անգամ էլ է կրակում։
Դրանից հետո ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, մոտենում են կրակոցների ուղղությամբ, որտեղ էլ «ստորին ծնոտի հրազենային վիրավորումով» հայտնաբերում են Ա․ Սլոյանին։
Ոստիկանների ու «Վաղարշապատ» հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ա․ Սլոյանը տեղափոխվում է հիվանդանոց։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, կրակված պարկուճներ, վնասված վիճակում Mercedes մակնիշի 01 AZ 022 համարանիշի ավտոմեքենան, արնանման հետքեր։
Գավառում կրակոցների ու հիվանդանոցի վրա հարձակվելու գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի