ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. 82 տարեկան հասակում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Այս մասին տեղեկանում ենք լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումից։
Ըստ մեր տեղեկություների՝ Արման Նավասարդյանը տևական ժամանակ հոսպիտալացված է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ պայքարելով կորոնավիրուսի դեմ։
Արման Նավասարդյանի դիվանագիտական գործունեությունը սկսվել է դեռ խորհրդային տարիներին։ Նա եղել է Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոս, ապա նաև հյուպատոս։
1980-1982 թթ. եղել է ԽՍՀՄ ԱԳՆ աֆրիկյան առաջին բաժնի առաջին քարտուղար, ապա դիվանագիտական ծառայության անցել Սենեգալում՝ որպես ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
Արման Նավասարդյանը նաև ակտիվ ներգրավված է եղել ապագա դիվանագետների պատրաստման, կրթման գործում։ 1988-1989թթ. նա աշխատել է ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայում, զբաղվել ղեկավար կադրերի վերապատրաստումով։
1989-1990 թթ. եղել է ԽՍՀՄ ԱԳՆ տեղեկատվության և աշխատանքի կազմակերպման վարչության պետ։
Հայաստանի անկախացումից հետո էլ Արման Նավասարդյանը գործուն մասնակցություն է ունեցել նորանկած հանրապետության դիվանագիտական ոլորտի ձևավորման ու կայացման գործում։
1991-1993 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար։
Մահացել է բարերար Հրայր Հովնանյանը
1993-1998 թթ. եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, 1998-2001 թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանում։
Արման Նավասարդյանը նաև ակտիվ դասախոսական գործունեություն է վարել ՀՀ մի շարք բուհերում։
2013-ից նա Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչն էր, իսկ վերջին ժամանակներս նույն ամբիոնում գիտական խորհրդատու էր: