ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է, որպեսզի Հարությունյանին պատմի Մոսկվա կատարած այցի արդյունքների և տպավորությունների մասին:
«Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ»,–ասել է նա։
Արցախի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակահատվածում հաջողվել է ոչ միայն լուծել առաջին կարևոր սոցիալական ծրագրերը, այլ նաև հստակ մշակել առաջիկա անելիքները՝ ուղղված ապագային:
«Ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական դաշտում, մանավանդ, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով: Այդ համատեքստում մենք էլ ենք կարևորում Ձեր այցելությունը Մոսկվա և այստեղ Ռուսաստանի Դաշնության դերը, մանավանդ Ռուսաստանի նախագահի դերը խաղաղություն կնքելու առումով և հետպատերազմյան ժամանակահատվածում Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով անգնահատելի է»,–նշել է Հարությունյանը։
Հիշեցնենք`երեկ` ապրիլի 7–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր և Կրեմլում հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։
Փաշինյանը Պուտինին առաջարկել է քննարկել միացյալ զորախմբի ու համատեղ ՀՕՊ համակարգի հարցերը