ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները ցույց են տալիս Մոսկվայի բարձր դերը հանրապետության ներքին քաղաքականության մեջ, սակայն կոնկրետ այս հանդիպումից որևէ բեկումնային փոփոխություն ակնկալել պետք չէ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Հայաստանը նեքաղաքական ճգնաժամ է ապրում, իսկ Ռուսաստանը նրա գործընկերն է, ուստի երկրների համար կարևոր է քննարկել ընթացիկ իրավիճակը»,-նշեց Մարկեդոնովը։
Նախևառաջ, ըստ փորձագետի, հանդիպումը ցույց տվեց, որ ՌԴ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի գործող իշխանության հետ, ընդ որում՝ ցանկացած իշխանության հետ, որը երկու երկրների միջև հարաբերություններում հավատարիմ կլինի ռազմավարական պարտավորություններին։
«Նիկոլ Փաշինյանը երբեք կասկածի տակ չի դրել ռուս-հայկական հարաբերությունների առանցքային կողմերը՝ Գյումրու ռազմակայանը կամ ՌԴ-ի դերը ղարաբաղյան կարգավորման հարցում։ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Այդպես եղել է, այդպես էլ մնացել է։ Իսկ ի՞նչ այլընտրանքներ կան։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Պետք չէ դա մոռանալ։ Ռուսաստանը ներհայաստանյան քաղաքականության գործիք է, ուստի և՛ գործող իշխանությունը, և՛ ընդդիմությունը հիմա մրցակցում են Մոսկվայի բարեհաճության համար»,-ասաց Սերգեյ Մարկեդոնովը։
«Քննարկելու շատ հարցեր կան». Պուտինը Փաշինյանին ասել է` որն է ամենահրատապ խնդիրը
Ընդ որում. մասնագետի կարծիքով` Վլադիմիր Պուտինի վերջին զրույցը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ պետք է դիտարկել միայն որպես հանրապետությունում դատական իշխանության ինքնավարություն:
«Բավական է հիշել Օնիկ Գասպարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, որին թույլ են տվել շարունակել գլխավոր շտաբի պետի պարտականությունները»,-օրինակ բերեց փորձագետը:
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայացել է Մոսկվայում ապրիլի 7-ին։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային երթուղիների վերականգնումը, խաղաղապահների օգնությամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները: