ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի»,–գրել է նա։
Սուրենյանի էջի հետևորդները սպասված լուրը լսելուց հետո բուռն են արձագանքել ու ինչպես միշտ մեկնաբանություն բաժնում կատակներ են արել։
«Մեր ծովի տեղն ո՞վ գիտի... +29, չեմ հավատում», «Գարուն չտեսած միանգամից ամառ», «Հեսա էլի կդժգոհեն, կասեն երկրաշարժի բուն ա»,–գրել են նրանք։
Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում ապրիլի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: