ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողների կողմից իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նմուշները տրամադրել է մարտի 18-ին։ Ի տարբերություն հունվարի հետազոտության՝ մարտին ստացված 12 նմուշներից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամերով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ։