ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Արցախյան պատերազմից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստեղծված նոր իրավիճակում ՀՀ մոտեցումների մշակմանը։ Այս մասին գրված է ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի 2020-ի ամփոփիչ զեկույցում։
Հայկական եկեղեցին ավերվել է Ադրբեջանի իշխանությունների որոշման արդյունքում. ԱԳՆ արձագանքը
«Այդ մոտեցումները ենթադրում են.
● Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա,
● Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում,
● Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա,
● Վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց բնակավայրեր,
● Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանություն
Հայկական կողմի առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում նաև Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը՝ միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների ուղղակի ներգրավվածությամբ: Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի շարքում է ադրբեջանական կողմի` պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անհապաղ և անվտանգ հայրենադարձումը:
ԱԳՆ-ն նաև իր ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը: Այս առնչությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել և շարունակվում են իրականացվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
«ՀՀ կառավարության կողմից ԱԳՆ խնայած միջոցներից Սիրիայի հայ համայնքին տրամադրվել է միանվագ մարդասիրական աջակցություն` հարյուր հազար ԱՄՆ դոլարի չափով: ԱԳՆ կողմից նաև համակարգվել է տարբեր խողովակներով տրամադրվող մարդասիրական օգնությունը Լիբանանի Հանրապետությանը՝ լիբանանահայ համայնքին», - գրված է զեկույցում։
2020–ին պաշտոնապես սկսել են գործել Եթովպիայում ՀՀ դեսպանությունը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ 2020–ի օգոստոսից իր աշխատանքներն է սկսել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը, ինչպես նաև լիարժեք դեսպանության մակարդակի է բարձրացվել Շվեդիայի Թագավորության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում: