ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռազմական գործողություններին մասնակցած անձանց մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ու զբաղվածության ապահովման նպատակով այսօր հուշագիր է ստորագրվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) ու Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարության միջև։ Տեղեկությունը հայտնում է ԲՏԱՆ մամուլի ծառայությունը։
Ըստ այդմ՝ կկազմակերպվի ծրագրավորման լեզվի դասընթաց՝ առնվազն 200 մասնակցի համար․ կրթական կուրսը կարող է տևել 3-ից 6 ամիս՝ կախված մասնագիտությունից։
ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանը մարտական գործողությունների մասնակիցների ֆիզիկական և հոգեբանական վերականգնումից զատ կարևորել է վերջիններիս սոցիալական երաշխիքների, մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության ապահովումը։
Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը
«Պատերազմի մասնակիցների նկատմամբ պետության պարտավորությունը պատշաճ իրականացվում է առողջության վերականգնման և սոցիալական երաշխիքների տրամադրման շրջանակում։ Միաժամանակ կարևորում ենք նաև պատերազմի մասնակիցների՝ մասնավորապես վիրավորում ստացած անձանց որակյալ կրթություն ստանալու և հետագայում աշխատանքով ապահովվելու իրավունքը»,– ասել է նա։
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում տեղի ունեցող նորարարություններին ու փոփոխություններին, նշել է, որ մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ առաջիկա 5 տարվա ընթացքում առնվազն 20.000 նոր մասնագետների կարիք է լինելու․
«Այս ծրագիրը մեր զինվորների համար կարևորագույն ծրագրերից մեկն եմ համարում, որը հնարավորություն կտա կրթություն ստանալ և որոշակի գործիքակազմի տիրապետելով՝ հետագայում բարձր վարձատրվող աշխատանք գտնել»,– նշել է Արշակյանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը ծրագրին մասնակցելու գործում էական է համարել մասնագիտական բազային գիտելիքների առկայությունը, նաև մասնակիցների՝ ծրագրում ընդգրկվելու ու սովորելու շատ մեծ ցանկությունը։
ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը պարզաբանել է, որ ծրագրով հետաքրքրված քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ։ Դասընթացների ընթացքում մասնակիցներին կտրվի կրթաթոշակ, և այն հաջողությամբ ավարտելուց հետո, նրանք պրակտիկա կանցնեն ՏՏ կազմակերպություններում։
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո