ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ կառավարության հետ վերջին օրերին ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ շուտով կմեկնարկեն պատերազմի ընթացքում քաղաքացիների անշարժ և շարժական գույքի կորուստների փոխհատուցմանն ուղղված աշխատանքները։ Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հարությունյանն այդ մասին հայտնել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի շարք համայքների ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ հանդիպումը կայացել է Երևանում, քննարկվել են վերջին պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները, ինչպես նաև սոցիալական բնույթի մի շարք այլ հարցեր։
«Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը տեղահանված քաղաքացիներին հուզող սոցիալական հրատապ խնդիրներին հնարավորինս կարճ ժամկետներում լուծումներ տալու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներքին և արտաքին մարտահրավերները, անվտանգային խնդիրներն ու երաշխիքները։ ԱՀ նախագահը շեշտել է, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը ԱՀ իշխանությունների օրակարգի առանցքային հարցերից մեկն է:
Հրաժարվել էին լքել գյուղը. ինչպես են ճանաչել սպանված հայտնաբերված երեք հադրութցիներին
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Արցախի քաղաքաշինության նախարարությունը հայտնել էր` Ստեփանակերտի Թումանյան փողոցում բազմաբնակարան շենք է կառուցվում, որտեղ կբնակվեն Շուշի և Հադրութ քաղաքներից տեղահանված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքները: