ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Aravot.am-ի հետ անդրադարձել է իր մասին պտտվող միֆերին։
«Իմ մասին կարդացել եմ շատ հետաքրքիր որոշ գրառումներ, որ ես աշխարհի նավթի տերն եմ, Բաքվի նավթի տերն եմ, Բրիտանիայից եմ ուղարկված, այլմոլորակային եմ: Մարդկանց այս զանգվածը անընդհատ զբաղված է նմանատիպ դավադրություններով, երբ մենք այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն», – ասել է նա։
Սարգսյանի խոսքով` Facebook-ում որևէ բարոյական, օրինական սահմաններ չկան՝ ո՛չ բառերի օգտագործման, ո՛չ բարոյականության հարցով։
«Երբեմն կամ հաճախ այնպիսի տպավորություն եմ ունենում, որ կա երկու Հայաստան: Մեկն այն Հայաստանն է, որն ունի հսկայական խնդիրներ, մյուս կողմից, տեսնում ես այսպես կոչված՝ վիրտուալ, ֆեյսբուքյան Հայաստանը, որն, իհարկե, բուն Հայաստանի հետ ինչ-որ կապ ունի, բայց իրական Հայաստան չէ և «Հայաստան» հեռուստատեսային սերիալի տպավորություն է թողնում», – ասել է նախագահը։
Պետք է հատուկ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ. Արմեն Սարգսյան
Նրա խոսքով` ամեն օր ֆեյսբուքում բամբասանքներ են տարածվում և հաճախ շատերն իրենց պատկերացումները սեփական երկրի մասին կամ թե ինչ է տեղի ունենում երկրում, ստանում են այդ երկրորդ՝ ոչ իրական Հայաստանից: