ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Տեղեկությունը հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարը նախագահ Սարգսյանին պարզաբանումներ է ներկայացրել օրենսդրական հիշյալ փոփոխությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մարտի 3–ին ԱԺ–ն ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին, իրավասու մարմինը՝ Գլխավոր դատախազությունը, ինչ իրավունքներ ունի:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ, որոնք կլուծեն նաև դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը: