ԵՐԵՎԱՆ, 29 մարտի- Sputnik. Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Տեղեկությունը` լուսանկարներին կից Facebook–ի իր էջում գրել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։
«Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները»,–գրել է նա։
Ատելությունը հայերի նկատմամբ Ադրբեջանում ու Թուրքիայում նոր դրսևորումներ է ստանում. ՄԻՊ
Յոլյանն ընդգծել է, որ սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն։ «Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը ի վերջո ո՞վ պետք է վերջապես երաշխավորի»,–հարց է հղել նա։
Իրինա Յոլյանը իր հրապարակման մեջ նշել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
Հիշեցնենք, որ մարտի 25–ին Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածում միջադեպ էր տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Ժամը 13:30-ի սահմանում, ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է Լենտրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին։