ԵՐԵՎԱՆ, 26 մարտի –Sputnik. Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` հավելելով, որ հանդիպումը կայացել է երեկ` մարտի 25-ին։
«Հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև»,–գրել է նա։
Մուսինյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից ևս հաստատում են, որ մարտրտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահները հանդիպել են:
«Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական»,–ասված է գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նման ֆորմատով հանդիպում կայացել էր պատերազմի ժամանակ` 2020–ի հոկտեմբերի 21–ին։ Ասվում էր, որ Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: