Բնակչության շրջանում միշտ եղել է թյուր կարծիք, որ տուբերկուլյոզը չբուժվող հիվանդություն է, բայց Կարեն Պողոսյանը վստահեցնում է` իրականում այդպես չէ, և մեր առողջապահական համակարգի, մասնավորապես Թոքաբանության ազգային կենտրոնի հնարավորությունները թույլ են տալիս կոմպլեքս միջոցառումների շրջանակում բուժել հիվանդությունը։
«Շատ կարևոր է, որ բնակչությունն իրազեկված լինի հիվանդության, ինչպես նաև նրա դեմ պայքարելու պրոֆիլակտիկայի մասին։ Հիմնական խնդիրը դիմելիությունն է, ուստի անհրաժեշտ է, որ նույնիսկ ամենաչնչին գանգատների դեպքում մարդիկ դիմեն բժիշկներին։ Մեզանում դեռ պահպանվում է այդ հիվանդությունը թաքցնելու միտումը, որի դեմ հետևողականորեն պայքարում ենք։ Մարդիկ պետք է իմանան, որ տուբերկուլյոզային հիվանդությունը դեռ չի նշանակում, որ տվյալ անձը վարակիչ է շրջապատի ու ընտանիքի համար, քանզի լինում են նաև ոչ վարակիչ դեպքեր, երբ մարդիկ բացիլներ չեն տարածում, իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր վտանգ են ներկայացնում, ապա այդ մարդիկ բուժվում են միայն ստացիոնարում և դուրս են գրվում այն ժամանակ, երբ շրջապատի համար դառնում են ոչ վարակիչ»,– Sputnik Արմենիայի եթերում ասաց Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը։
Անդրադառնալով 2003 թվականից Հայաստանում գործող ազգային ծրագրի արդյունավետությանը` Պողոսյանն ընդգծեց, որ վերջին տասը տարիների ընթացքում տուբերկուլյոզով հիվանդների թիվը հանրապետությունում 54,7 տոկոսից նվազել է 12,5 տոկոսի։ Այս պահին կենտրոնի 160 մահճակալներից 47-ն են զբաղված։
2020 թվականին արձանագրվել է 444 տուբերկուլյոզով հիվանդ, որոնցից ակտիվ բուժում են ստանում 380–ը, այսինքն` ընդամենը 47–ն է ստացիոնարում, մնացածը բուժում են ստանում ամբուլատոր կամ տնային պայմաններում։ Բուժումն ընթանում է արդյունավետ և հիվանդները շրջապատի համար վտանգ չեն ներկայացնում։
Պողոսյանի տեղեկացմամբ` Հայաստանում գործող միակ հակատուբերկուլյոզային լաբորատորիան զինված է գերժամանակակից սարքավորումներով ու մեթոդներով, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ, իսկ տուբերկուլյոզ հիվանդությունը հետազոտվում ու բուժվում է բացարձակապես անվճար պետպատվերի շրջանակում։