ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիստի ընթացքում զեկուցվել են տրանսպորտի, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և ոստիկանության ոլորտներում ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ։ Քննարկվել են Եվրամիության հրահանգների հնարավոր լուծումներին վերաբերող հարցեր։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության իրավական հիմքը 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (ՀԸԳՀ): Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ից։
Այլևս չենք հանդուրժելու․ Եվրամիությունը հրաժարվում է դոլարից
2018թ․ հուլիսի 2-ին վարչապետի որոշմամբ վերստեղծվեց ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, որի համակարգմանն են վերապահված համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի մշակումը և ոլորտային մոտարկման գործընթացի իրականացումը։