ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Երևանի թիվ 1 տուն–ինտերնատում այսօր առավոտից մի խումբ ծերեր հրաժարվում են ներս գնալ, կանգնած են անձրևի տակ և ասում են` հացադուլ են անում։ Պատճառը տուն–ինետերնատի տնօրենի փոփոխությունն է։ Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ պահանջում են վերանշանակել երկար տարիների տնօրեն Վահան Զուրաբյանին։
«Նա մեզ ծնող է եղել, մենք իրեն` երեխաներ։ Իր շնորհիվ է, որ COVID-19-ը չենք տարել, ամեն ինչ իր շնորհիվ է», – ասաց ծերերից մեկը։
Տնօրենի փոփոխությանը դեմ են նաև աշխատակիցները. 16 հոգի ազատման դիմում են գրել։ Մարդիկ բողոքում են նաև նրանից, որ համաձայն շրջանառվող լուրերի` Երևանի թիվ 1 տուն–ինտերնատը միացնելու են Նորքի ինտերնատի հետ։
«Մի քանի հոգու բերելու են մի սենյակ, ահավոր է լինելու, ես կստորագրեմ, դուրս կգամ փողոցում ապրելու», – լրագրողներին ասաց ծերերից մեկը։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մակարյանին ծերերը դիմավորեցին բողոքներով։ Վերջինս խոստացավ նույնպես «ծնող լինել» ծերանոցի բնակիչներին, ինչպես նախորդ տնօրենն էր։ Շատ չանցած ծերանոց եկավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Նա լրագրողներին բացատրեց, որ նախորդ տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր, և այժմ նշանակվել է նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Նորքի տուն-ինտերնատի բնակիչներն իրենց «Մոռացված հեքիաթը» «պատմեցին» թատրոնի բեմում
«Հացադուլ չկա, աշխատանքից ազատման դիմումներ չկան։ Ոչ մեկը ոչ մեկի սենյակում չի բնակեցվելու, Նորքի ինտերնատի շենքը չի վաճառվելու», – փորձեզ բոլոր լուրերը հերքել փոխնախարարը։
Նա ասաց, որ համաձայն սոցապնախարարության ծրագրի` հերթերում հայտնված ծերերի համար համայնքային ծառայություններ ստեղծելու նպատակով երկու ինտերնատները վերամիավորվելու են։ Սակայն դա լոգիստիկ փոփոխություն չի նշանակում։
Լրագրողների հետ զրույցում ծերերից մեկն ասաց, որ չի հավատում փոխնախարարին ու հավաստիացրեց, որ շաբաթ օրվանից հացադուլի մեջ է։ Այնուամենայնիվ, ծերերն անսացին փոխնախարարի խոսքին և մտան շենքից ներս` ասելով, որ շարունակելու են պահանջել նախկին տնօրենի վերադարձը։
Տուն-ինտերնատի աշխատակիցը մտավոր խնդիր ունեցող անձին աշխատանքային շահագործման է ենթարկել