ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը գնահատում է որպես ինքնիշխան պետության ներքին գործ։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
«ԱԳՆ-ն նման որոշումները չի մեկնաբանում, քանի որ դրանք գնահատում է որպես ինքնիշխան պետությունների ներքին գործ», - ասել են ԱԳՆ-ում:
Հիշեցնենք` այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Հունիսի 20-ը` որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան
Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: