ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է «Լոռի» ՖԱ-ի ղեկավարության հայտարարությանը` առաջնությունը լքելու մասին։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր–նախագահ Թովմաս Գրիգորյանը հայտնեց, որ թիմը դուրս է գալիս Հայաստանի առաջնությունից։ Նույն օրը` ավելի վաղ, «Լոռիի» ֆուտբոլիստները լքել էին խաղադաշտը «Արարատ»-«Լոռի» հանդիպման ժամանակ։
ՀՖՖ նախագահը «Լոռի ՖԱ»-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու լուրը ցավալի է որակել: «Համարելով այս քայլը անհեռանկար և սխալ՝ այդուհանդերձ, չենք ցանկանում մեկնաբանել այս իրավիճակը ազգային հավաքականի կարևորագույն հանդիպումներից առաջ»,–ասել է նա:
Մելիքբեկյանի խոսքով` իրենք ունեն բազմաթիվ փաստեր, որ, սկսած 2020 թ. օգոստոսից, տարբեր ուժեր մշտապես ցանկանում են լարվածություն և սկանդալային իրավիճակի իմիտացիա ստեղծել ազգային հավաքականի յուրաքանչյուր հավաքից առաջ:
«Դրանով նրանք, կարծես, փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը»,–կարծում է նա:
Մելիքբեկյանը տեղեկացրել է, որ «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ միջադեպը քննելու է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն: «Ես պատրաստվում եմ խոսել ստեղծված իրավիճակի մասին միմիայն ազգային հավաքականի հանդիպումներից հետո: Կարծում եմ, որ այդ հանդիպումներն այս պահին առաջնահերթ պետք է լինեն հայկական ֆուտբոլային ընտանիքի համար»,–խոստացել է նա:
Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա
Մելիքբեկյանը ևս մեկ անգամ կոչ է արել ֆուտբոլային հանրությանը կարևորագույն մեկնարկից առաջ միավորվել Հայաստանի ազգային հավաքականի շուրջ: