ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ քննարկել է վերջին շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությունը և ստացել պարզաբանումներ։
Նշենք, որ եվրոպական տասնյակ պետություններում միառժամանակ սառեցրել են այդ պատվաստանյութի կիրառումը, քանի որ առանձին դեպքերում գրանցվել են արյան մակարդում և տրոմբոցիտների քանակի նվազում:
Նախարարությունը հայտնում է, որ «AstraZeneca» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենց պատվաստանյութի անվտանգության և որակի առումով չկա որևէ անհանգստացնող փաստ: Իրականացվել են լրացուցիչ բազմաթիվ հետազոտություններ եվրոպական մի շարք անկախ առողջապահական մարմինների կողմից, որոնց արդյունքում ոչ մի խնդրահարույց երևույթ չի հայտնաբերվել:
Բացի այդ, համաձայն Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի դիրքորոշման` պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը, և այն կարող է շարունակել կիրառվել մինչև հետազոտությունների ավարտը:
Նշվում է, որ մարտի 12-ի դրությամբ` ամբողջ աշխարհում իրականացվել է ավելի քան 335 միլիոն դեղաչափ պատվաստում COVID-19-ի դեմ, և մինչ օրս պատվաստանյութերով պայմանավորված մահվան դեպքեր չեն գրանցվել, այն պարագայում, որ կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է առնվազն 2,6 միլիոն մահ:
Ի դեպ, Մեծ Բրիտանիայում կիրառվել է մոտ 20 մլն դեղաչափ «Pfizer» ընկերության պատվաստանյութ և 20 մլն դեղաչափ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ. իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ երկու պատվաստանյութի մեկ դեղաչափի արդյունավետությունը նույնն է: «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունը 70 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում անախտանիշ դեպքերի կանխարգելման առումով ավելի բարձր է, քան «Pfizer»-ինը:
Հայաստանը որոշել է չհրաժարվել ամերիկյան պատվաստանյութից
Շոտլանդիայում «AstraZeneca» պատվաստանյութի արդյունավետությունն ավելի բարձր է բոլոր տարիքային խմբերում հոսպիտալացումների կանխարգելման առումով:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր` մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», «AstraZeneca» և «Pfizer» պատվաստանյութերի կիրառմանը։