ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունից շուրջ 500 անձ հետախուզվում է Ինտերպոլով։ Տեղեկությունը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` հավելելով, որ հաշվի առնելով այս թիվը` չի կարող մտաբերել` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ Ինտերպոլն ինչ որոշում է կայացրել։
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը քիչ առաջ երկու փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որոնց Ինտերպոլը մերժել էր հետախուզում հայտարարել Կոստանյանի նկատմամբ` «Մարտի 1»-ի գործով նրան առաջադրված մեղադրանքը քաղաքական համարելով։ Բացի այդ, Ինտերպոլը այլ երկրներում եղած իր ստորաբաժանումներին գրություն էր ուղարկել` ասելով, որ բազայից հեռացնեն Կոստանյանի վերաբերյալ նյութերը, այսինքն` նա ազատ տեղաշարժի իրավունք ունի։
«Ինտերպոլից մենք բավականին մեծ թվով հայցեր ենք ստացել, որոնց առնչությամբ չեմ կարող մտաբերել` ո՞ւմ են մերժել, ում` ոչ։ Իսկ թե ինչու հետախուզումը դադարեցված լինելու վերաբերյալ չենք բարձրաձայնել, կարծում եմ` դա նախաքննություն իրականացնող մարմնի գործառույթը պետք է լինի, սակայն նորից եմ ասում` ես տեղյակ չեմ այդ որոշման մասին»,–ասաց Ֆիդանյանը։
Նրա խոսքով` եղել են գործեր, որոնք Ինտերպոլը մերժել է և հղում արել Ինտերպոլի կանոնադրության երրորդ հոդվածին։ Նշենք, որ այնտեղ ասված է` կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասայական բնույթի որևէ միջամտություն։ Ֆիդանյանն այդպես էլ չմտաբերեց` արդյո՞ք դա նաև Կոստայանին էր վերաբերվում, թե ոչ։
Իշխանությունը քաղաքականացնում է ոստիկանության համակարգը. Կոստանյանը` ՆԳՆ ստեղծելու մասին
Հիշեցնենք, որ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ դեռ 2019-ի նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։