ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահն այսօր հանդիպելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Սարգսյանը մարտի 10-ին ընդդիմադիր ուժերին ու Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հանդիպել նախագահականում։
Երեկ հայտնի դարձավ, որ այդ ձևաչափով հանդիպում չի կայանա։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց` քանի որ հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի։