ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետները 60 տեղանոց բլոկ–մոդուլային ավան են կառուցել Ասկերանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Սա իններորդ ավանն է, որ կառուցվել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար։ Բլոկ-մոդուլային ավանների կառուցումը թույլ է տալիս ստեղծել անձնակազմի կյանքի ու կենցաղի հարմարավետ պայմաններ և հրաժարվել սննդի դաշտային կետերից, բաղնիքի և լվացքատան կետերից, դաշտային պահեստներից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բլոկ-մոդուլային ավանները համալրված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում): Համալրված են կահույքով (մահճակալներ, պահարաններ, խոհանոցային կահույք, սեղաններ, աթոռներ, լոգախցիկներ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ)։
Յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: