ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. 6 ամսից լրանում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում Արա Զոհրաբյանի պաշտնավարման ժամկետը։ Դրանից հետո նա մտադիր է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ Այս մասին Զոհրաբյանը հայտնեց Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
«6 ամսից ես այսպես թե այնպես դուրս եմ գալու Փաստաբանների պալատի իմ պաշտոնից։ Մինչ այս ես մտածում էի զբաղվել ազգային արժեքների պաշտպանության հասարակական գործունեությամբ։ Մտածում էի, որ ազգային արժեքների պաշտպանության մի նախաձեռնություն կստեղծենք։ Եվ նույնիսկ ստեղծեցինք, եթե հիշում եք, պատերազմից առաջ։ Օրենքի նախագիծ էինք շրջանառության մեջ դրել մի քանի գործընկերներով։ Ես մտածում էի, որ հասարակությանն այդ մասով եթե ակտիվ պահենք, ով էլ որ գա իշխանության, չի համարձակվի այդ ազգային արժեքների շեմն անցնել։ Բայց մենք տեսանք, որ քանդելն ու քաոսը տարածելն այնքան հեշտ է, որ դու չես ունենա որևէ լծակ ազգային արժեքը պաշտպանելու։ Դրա համար չի բացառվում ու այս պահին մեծ է հավանականությունը, որ ես քաղաքական որոշ գործընթացների մեջ ակտիվություն կցուցաբերեմ»,– ասաց Զոհրաբյանը։
Փաստաթղթում վտանգավոր ձևակերպումներ կան. Արա Զոհրաբյանը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին
Փաստաբանների պալատի նախագահը շեշտեց, որ այս պահին քաղաքական որևէ կուսակցության հայացքներ չի կիսում։ Բայց տեսնում է երկրի առջև ծառացած վտանգները։
«Պատերազմից հետո ինձ մոտ ուրիշ վերաբերմունք է առաջացել. որպես փաստաբան ես տեսնում եմ, որ մեր երկիրը գնում է անդունդը` այս իշխանության ձեռքով։ Վտանգ եմ տեսնում նաև մեր ազգի գոյության առումով։ Որպես փաստաբան` ես ուզում եմ պաշտպանել ՀՀ քաղաքացուն` ՀՀ դրոշը կրող դատարանում։ Բայց այս հնարավորությունը կվերանա, եթե մենք չպայքարենք»,– ասաց Զոհրաբյանը։
Իր ներկա ակտիվ գործունեության մասին դիտակմանը Փաստաբանների պալատի նախագահը պատասխանեց` հիշեցնելով, որ պալատն ապաքաղաքական կառույց է և որևէ քաղաքական կուսակցության գործունեությանը չի խառնվում։ Բայց փաստաբանները ՀՀ քաղաքացիներ են ու իրավունք ունեն քաղաքական դիրքորոշում ունենալու։
«Փաստաբանական պալատի անդամների թվում ու նույնիսկ աշխատակազմում էլ այս պահին կան աշխատակիցներ, որոնց հայացքները իմից տարբերվում են։ Բայց որևիցե կերպ դա չի խանգարում մեր փոխհարաբերություններին, չի ազդում մեր փոխադարձ հարգանքի վրա և այլն»,– ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք` Արա Զոհրաբյանը Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել 2013 թվականին, վերընտրվել 2017 թվականի սեպտեմբերին` 4 տարի ժամկետով։
Փաստաբանների պալատի նախագահը մտադիր է ՀՀ նախագահի հարցով դիմել դատարան