ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Լիբանանահայ Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատելու կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատրաստվում է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ։ Միրզոյանն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում։
«Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանը ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, որն արձագանքեց Տաթև Հայրապետյանի նախաձեռնած` ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում»,–գրել է Միրզոյանը։
Նա լիահույս է, որ գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված անձանց։