ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հանդիպման է հրավիրում նախագահական նստավայրում: Սարգսյանի հայտարարությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, իսկ Հայաստանի և Արցախի զարգացման միակ ճանապարհը՝ բոլորիս և յուրաքանչյուրիս ջանքերի ու հնարավորությունների համախմբումը: Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչև ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ»,–նշված է հայտարարության մեջ։
Նախագահը նշում է նաև, որ ստեղծված իրավիճակը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար: Նրա խոսքով` խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաև հրատապ և համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական և օրենսդրական:
Սարգսյանը կարծում է, որ թե՛ իշխանության, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի միջև բացակայում են փոխըմբռնումը և միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Նա շեշտում է, որ պետության և ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն արդեն անհետաձգելի և հրամայական պահանջ է։
Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց` նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Այսօր կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: